ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նախ եւ առաջ Ռուսաստանին էր ուղղված, երկրորդ հերթին` հայկական ներքին հանրությանը: Այդ մասին դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից քաղաքագետը ղարաբաղյան հակամարտության հետ կապված ոչ մի փոփոխություն չի սպասում: «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը (հիմնականում խոսքը Ռուսաստանի մասին է) կմնա հիմնականում այնպիսին, ինչպիսին կար: Եվ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ձեւաչափն անփոփոխ կմնա. դա զենքի մատակարարումն է, մեր սպաների ուսուցման գործում համագործակցությունը, ռազմաքաղաքական ձեւաչափը», - ընդգծել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Մոսկվայում դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նստաշրջանում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենք են եւ հրետանային սարքավորումներ են կիրառում Հայաստանի Հանրապետության դեմ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ»:



























