Անցնող տարին բավականին ծանր էր արդյունաբերության համար, եթե հաշվի առնենք գունավոր մետաղների համաշխարհային գների անկումը եւ ռուսական տնտեսության վիճակը: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
Նրա խոսքով, չնայած բարդություններին, հաջողվել է արդյունաբերական ոլորտի որոշակի աճ ապահովել: Այսպես` ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերի արդյունքներով ոլորտի աճը կազմել է 4,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 1177,4 մլրդ դրամ: Հունվար-հոկտեմբերին արդյունաբերական ընկերությունները 1086,7 մլրդ դրամի արտադրանք են թողարկել, ինչը 4,6 տոկոսով գերազանցում է նաեւ անցյալ տարվա նույն շրջանի ցուցանիշները, տեղեկացրել է նա` հավելելով, որ 430 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք է արտահանվել, որից ԱՊՀ երկրներ` 66,3 մլրդ դրամի, այլ երկրներ` 360,7 մլրդ դրամի: Հաշվետու ժամանակահատվածում լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ընկերությունները 232,2 մլրդ դրամի արտադրանք են թողարկել` 42,7 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները, արտադրանքի մեծ մասը` 143,7 մլրդ դրամ, արտահանվել է, արտահանման աճը կազմել է 50,2 տոկոս: Որոշակի աճ` 3,7 տոկոս (186,4 մլրդ), գրանցվել է նաեւ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարումների եւ այլ ոլորտներում: Անկում է գրանցվել վերամշակող արդյունաբերության ամբողջ գծով` 4,2 տոկոս (672.4 մլրդ դրամ):
Եգանյանը նշել է, որ հիմնականում անկում է գրանցվել ըմպելիքների, սննդամթերքի արտադրության գծով, իսկ թանկարժեք զարդերի եւ դեղագործության ոլորտում, ընդհակառակը, աճ է արձանագրվել: Եգանյանն ընդգծել է, որ տարեվերջին դրական դինամիկա է սկսել գրանցվել նույնիսկ այն ուղղություններով, որոնցում անկում էր գրանցվել: Այսպես, եթե տարվա առաջին կեսին ըմպելիքների արտադրության գծով անկումը կազմում էր 40 տոկոս, ապա նոյեմբերի տվյալներով կազմում է մոտ 20 տոկոս:




























