Հայ Ազգային Կոնգրեսը այժմ պատրաստում է ավելի քան 100 ընտրական գործընթացին վերաբերող քրեական գործերով դիմել դատախազություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀԱԿ ներկայացուցիչներն ասել են ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ:

Կոնգրեսի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես ամբողջությամբ կեղծված, իսկ նրա հայտարարված արդյունքները Հայաստանի ժողովրդի արտահայտված կամքին լիովին հակառակ: Խոսվել է հանրաքվեի ընթացքի, բռնությունների, լցոնումների, հաշվարկի ժամանակ տեղի ունեցած համատարած խարդախությունների, վերահաշվարկի ներկայացված դիմումների մերժման, հանրաքվեի արդյունքները ԿԸՀ-ում բողոքարկման ընթացքի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարան դիմելու խնդրի վերաբերյալ, ներկայացվել է հանրաքվեի արդյունքների վրա զանգվածային օրինախախտումների ազդեցության գնահատականը, հիմնված Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների եւ վիճակագրական վերլուծությունների վրա:

Նշվեց, որ Հայ Ազգային Կոնգրեսը այժմ պատրաստում է ավելի քան 100 ընտրական գործընթացին վերաբերող քրեական գործերով դիմել դատախազություն: Ներկայացվել են նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի Հայաստանում ժողովրդավարության վերականգնմանն ուղղված հետագա քայլերը:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի ժողովրդավարացման ուղղված արդյունավետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ ընտրական օրենսգրքի ընդունումը, ինչը կնպաստի ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանն ու ընտրական գորընթացների նկատմամբ հասարակության վստահության ստեղծմանը: