Իհարկե բնապահպանների անհանգստությունը շատ կարեւոր գործոն է, բայց այսօրվա դրությամբ Հայաստանը չի կարող չշահագործել հանքավայրերը: Այդ մասին դեկտեմբերի   23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:  

Նախարարի խոսքով, նման հնարավորություններ ունենալ եւ չշահագործել հանքավայրերը մեղմ ասած սխալ է, որովհետեւ դրանից է կախված երկրի հետագա զարգացումը:  Անդրադառնալով բնապահպանների ահազանգերին այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի տարածքում բուսաշխարհի եւ կենդանաշխարհի վերացման վտանգին ենթակա տեսակներ կան, Արամայիս Գրիգորյանը նշել է. «Շրջակա միջավայրի փորձաքննությունը հստակորեն ցույց է տալիս` այդ տարածքում կան  «Կարմիր գրքում» ընդգրկված բույսեր եւ կենդանիներ: Եթե կան, բնականաբար թույլ չի տրվում գործունեություն իրականացնել: Դա հստակորեն սահմանված է օրենքով: Ամուլսարի հանքավայրի դեպքում նույն բանն է նախատեսված, սակայն հանքավայրը դեռ չի շահագործվում»:

Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում մաքուր ոսկու պահուստների չափով երկրորդն է: Հանքավայրը գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Ջերմուկ քաղաքից    13 կմ հեռավորության վրա, Արփա եւ Որոտան գետերի արանքում` Ամուլսար լեռան վրա: Հանքավայրը   31 մլն տ հանքանյութ եւ 40 տ մաքուր ոսկի է պարունակում: Հանքավայրը հայտնաբերվել է  2006-ին «Lydian» ընկերության երկրաբանների կողմից: