Հայաստանում ապրանքաշրջանառության նվազումը պայմանավորված է գների անկմամբ եւ Հայաստանի` ԵԱՏՄ-ի անդամ դառնալու հետեւանքով արտահանում-ներմուծման վերաբերյալ ոչ լիարժեք վիճակագրական տվյալներով: Այդ մասին ասել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Առեւտրի քաղաքականության եւ ներքին շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:  

Նա տեղեկացրել է, որ հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով ապրանքաշրջանառությունը կազմել է  3901.0 մլն ամերիկյան դոլար, ինչը 20,4 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: 

Քոչարյանը նշել է, որ առեւտրաշրջանառությունը նվազել է միայն գումարային արտահայտությամբ, իսկ ծավալային առումով նույնիսկ աճ է գրանցվել:  Լեռնահանքային արտադրանքի գների անկումը, ռուբլու փոխարժեքի անկումը այն հիմնական գործոններն են, որոնք հանգեցրել են արտահանման գումարային արտահայտության նվազմանը: Իրականում ծավալի առումով հակառակ միտումն է գրանցվել, նշել է նա` հավելելով, որ, օրինակ, դեպի Ռուսաստան պանրի արտահանումը ավելացել է     7 անգամ: Նավթամթերքի համաշխարհային գների անկումն արտացոլվել է նաեւ ներմուծման ցուցանիշների վրա, նշել է նա: Բացի այդ, ԵԱՏՄ-ին անդամակցումը եւ մաքսատուրքերից ազատումն արտացոլվում է վիճակագրական տվյալների վրա, ոչ լիարժեք տվյալներ են հրապարակվում: 

Լրագրողների այն հարցին, թե գների անկումը ինչու ոչ մի կերպ չի արտացոլվում ներքին շուկայի վրա, Քոչարյանը նշել է, որ  «լավը միշտ աննկատ է մնում»: Նա ընդգծել է, որ անցյալ տարվա համեմատ նվազել են նավթամթերքի` բենզինի եւ դիզելային վառելիքի, ներմուծվող թռչնամսի, կարագի գները: Լրագրողների այն հարցին, թե Հայաստանը կկարողանա օգտվել Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատժամիջոցներից, Քոչարյանը նշել է, որ Հայաստանն արդեն որոշակի նիշա է զբաղեցնում` Ռուսաստան հիմնականում գյուղատնտեսական ապրանք արտահանելով:  Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը չի կարողանա ամբողջ նիշան զբաղեցնել, որովհետեւ խոսքը շատ մեծ ծավալների մասին է: