Դատախազը պահանջում է խստացնել «Վերնիսաժի» կրակոցների գործով 6 տարի 6 ամիս ժամկետով  ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանի` «Յուվեցի Կարոյի» փեսայի պատիժը:

Դատախազը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Բողոքի քննությունն այսօր`դեկտեմբերի 23-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ` վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՔՕ 66-րդ հոդվածով եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվել է 3, Ներսես Մելքոնյանը` 2 տարվա ազատազրկման ազատազրկման: