Նախատեսված է մի քիչ նվազեցնել Իրանի հետ սահմանին ՀԷԿ-ի նախագծային հզորությունը:  Այդ մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ճեպազրույցին: 

«Մեղրիի ՀԷԿ-ի հզորությունը, որը նախատեսված է կառուցել Արաքս գետի վրա, ավելի վաղ նախատեսված էր 130 ՄՎտ, իսկ այժմ որոշվել է կանգ առնել 100-ի վրա: Սպասում ենք իրանական կողմին, որպեսզի վերջնական որոշում կայացնենք տեխնիկական եւ այլ հարցերով», - հավելել է Զախարյանը:

Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել   2012-ի դեկտեմբերին: Նախատեսված է Արաքսի իրանական կողմում եւս մի ՀԷԿ կառուցել` Գարաչարինյանը:  

Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության արժեքը ավելի վաղ  323 մլն դոլար էր գնահատվել: Նախատեսված է, որ այդ  գումարը տրամադրելու է Իրանը: Կայանի աշխատանքի առաջին  15 տարիներին Իրան կմատակարարվի նրա ամբողջ էներգիան շինարարության ծախսերը ծածկելու համար:  Դրանից հետո կայանը կանցնի Հայաստանի կառավարմանը: