Ամերիկացիները սուրբծննդյան դրասանգների ու տների տոնական լուսավորության վրա ավելի շատ էլեկտրաէներգիա կծախսեն, քան որոշ աղքատ երկրներ ամբողջ տարում են ծախսում, հայտնում է Rappler.com–ը:

Զարգացման գլոբալ կենտրոնում հաշվարկել են, որ սուրբծննդյան լուսավորության վրա ԱՄՆ –ում ծախսվում է ավելի քան 6.6 մլրդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Սալվադորը, օրինակ, տարեկան 5.35 մլրդ է ծախսում, Եթովպիան՝ 5.3 մլրդ, իսկ Թանզանիան՝ 4.81 մլրդ, հայտնում է Lenta–ն:

Հետազոտողները նաեւ նշել են, որ տոնական լուսավորության վրա էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն Միացյալ նահանգների տարեկան էներգասպառման 0.2 տոկոսը:

Գլոբալ զարգացման կենտրոնը (CGD) ոչ առեւտրային գիտահետազոտական կենտրոն է, որը գտնվում է Վաշինգթոնում ու զբաղվում միջազգային զարգացման հարցերով: Այն ստեղծվել է 2001 թ.: CGD-ի հիմնադիրների խոսքով, կենտրոնի խնդիրն է «նվազեցնել աշխարհում աղքատությունն ու անհավասարությունը ԱՄՆ ու այլ հարուստ երկրների քաղաքականության փոփոխության միձոցով »: