Դեկտեմբերի 21-ին Մյասնիկյան պողոտայում գտնվող «Արաքս» բենզալցակայանի վրա հարձակում կատարելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել երկու տղամարդ։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից։ Նշենք, որ այս հարձակման ժամանակ բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել 47-ամյա Ա․Մարտիրոսյանը, որը հիվանդանոցում մահացել էր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:00-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ Մյասնիկյան 20/1 հասցեում վիրավոր մարդ կա, իսկ ժամը 06:05-ին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որ գլխի, կրծքավանդակի, ձախ ձեռքի շրջանի կտրած, ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա.Մարտիրոսյանը՝ ծնված 1968 թվականին, ով Մյասնիկյան 20/1 հասցեում ենթարկվել է հարձակման:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ պարզվել է, որ դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով եւ ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին եւ դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:




























