Բրիտանական ավիաընկերությունները հրաժարվել են մոտ ժամանակներս վերականգնել չվերթները դեպի Եգիպտոս, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով The Daily Mail-ին:

Աշխարհում խոշորագույն չարտերային ընկերության`  Thomson Airways-ի ներկայացուցիչները հայտնել են, որ մինչեւ  2016-ի մարտի 23-ը չեղյալ են համարում  չվերթները, իսկ էժան չվերթներ իրականացնող easyJet-ը, իր հերթին, մտադիր է դրանք  հետաձգել  մինչեւ փետրվարի  29-ը: Համանման որոշում են կայացրել նաեւ    British Airways-ը (մինչեւ փետրվարի 13-ը) եւ Monarch-ը:

Միաժամանակ Բրիտանական զբոսաշրջային գործակալությունների ընկերակցությունում   (Association of British Travel Agents) նշել են, որ Արաբական Հանրապետություն չվերթները վերականգնել-չվերականգնելու որոշումը կայացնելու են Մեծ Բրիտանիայի իշխանությունները: 

Դեկտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան եւ Եգիպտոսը ավարտել են բրիտանացի զբոսաշրջիկների` դեպի Շարմ-էլ-Շեյխի հանգստավայր թռիչքների վերականգնման հատուկ միջոցների նախապատրաստությունը: