Կահիրեն դատապարտում է Իրաքի տարածքում թուրքական զորքեր տեղակայելը եւ պահանջում է դուրս բերել դրանք: Այս մասին Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի ժամանակ ասել է  Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին:

«Մենք դատապարտում ենք Անկարային Իրաքի տարածք ներխուժելու համար եւ պահանջում ենք դուրս բերել զորքերը», — ասել է Շուքրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի ժամանակ  կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին դատապարտել էր Իրաքում թուրք զինվորականներ տեղակայելը՝ նշելով, որ դա այդ երկրի միջազգային իրավունքների եւ ինքնիշխանության ոտնահարում է:

Իրաքի իշխանությունների վստահեցմամբ՝ դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինվորականներն ու զրահատեխնիկան մտել են Իրաքի Նինվե նահանգ՝ ահաբեկիչների դեմ պայքարող աշխարհազորայիններին մարզելու պատրվակով:

Իրաքի իշխանությունները Թուրքիայի այդ արարքը որակել են որպես թշնամական: