Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` դեկտեմբերի 24-ին, վճռեց դանակի 21 հարվածով կնոջը սպանելու համար մեղադրվող Վոլոդյա Մուրադյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն:
Նշենք, որ դատախազի միջնորդությամբ Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել էր` Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Մեղադրանքը մեղմացվել է, քանի որ կրկնակի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում:
Նշենք, որ Դիանա Նահապետյանի մայրը` Վալյա Նահապետյանը, դժգոհ է դստեր սպանության մեջ մեղադրվող ամուսնուն` Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը մեղմացնելու դատախազի որոշումից:
Վոլոդյա Մուրադյանը հաստատել է, որ կնոջն ինքն է սպանել, սակայն անգիտակցաբար:
Նշենք, որ 1-ին փորձաքննության եզրակացության համաձայն` Վոլոդյա Մուրադյանը չի եղել աֆեկտի վիճակում, ըստ 2-րդ եւ 3-րդ փորձաքննությունների եզրակացության, սակայն, նա եղել է խիստ հուզական վիճակում: Վոլոդյա Մուրադյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն, որը պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:



























