2015-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանում փակված ամեն 3 ձեռնարկության դիմաց 5-ից ավելին է բացվել: Ինչպես դեկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, եթե 2015-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում 7 639 ձեռնարկություն է փակվել, ապա բացվել է 13 131-ը: Դրանց հիմնական մասը (բացվածների մոտ 80 տոկոսը եւ փակվածների 96 տոկոսը) անհատ ձեռներեցներ են:
Դրական դինամիկա էր արձանագրվել նաեւ 2014-ին, փակվել էր 9 454 ձեռնարկություն, բացվել էր` 16 967-ը: Իսկ ընդհանուր առմամբ 2011-14-ին եւ 2015-ի առաջին 9 ամիսների ընթացքում հանրապետությունում ամեն փակված 2 ձեռնարկության դիմաց 3-ն է բացվել (50 850 եւ 75 486), հավելել է Օհանյանը:
Իր հերթին, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը նշել է, որ ամբողջ աշխարհում 5-ամյա տարեդարձը տոնում է ձեռնարկությունների միայն 10 տոկոսը: «Այնպես որ, ձեռնարկություններ փակվում են ոչ միայն Հայաստանում», - նշել է նա:




























