Ուկրաինայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ստեփան Պոլտորակը հաստատել է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անատոլի Պուշնյակովի՝ աշխատանքից ազատվելու դիմումը: Այս մասին ասված է Ուկրաինայի ՊՆ կայքում, հայտնում է ՈՒՆՆ-ը:
«Ուկրաինայի պաշտպանության նախարար բանակի գեներալ Ստեփան Պոլտորակի անունով Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անատոլի Պուշնյակովից աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացվել: Նախարարը դրական պատասխան է տվել դիմումին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Liga.net կայքի փոխանցմամբ՝ Պուշնյակովից բացի, աշխատանքից ազատվել են նաեւ այլ գեներալներ:
Աղբյուրների տեղեկություններով՝ հրաժարականների պատճառը Լուգանսկի մարզի Սվատովո բնակավայրում սպառազինությունների պայթյունն է եղել, որը կարող էր հանգեցնել զանգվածային աղետի:




























