Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը ջանում է ուշադրություն չդարձնել Օդեսայի նահանգի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարություններին, որովհետեւ «դա վտանգավոր է առողջության համար», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Մոսկվան չի կարող ընդհանրապես չհետեւել Ռուսաստանի հասցեին Սաակաշվիլիի արտահայտություններին, որովհետեւ նա Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյա է:
«Մենք ուշադրություն դարձրել ենք: Բայց մենք ջանում ենք հազվադեպ ուշադրություն դարձնել պարոն Սաակաշվիլիի ասածներին, որովհետեւ դա վտանգավոր է առողջության համար», — ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ նահանգապետին լրացուցիչ բնութագրեր չի տա, որովհետեւ «ամեն ինչ ակնհայտ է եւ հասկանալի»: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ Սաակաշվիլիի հակամարտությունը, Զախարովայի կարծիքով, հաստատում է դա:



























