Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունից հետեւանքով երկու կուրսանտ հոգեկան խնդիրներ է ստացել ու տեղափոխվել հոգեբուժարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
«Տղաներից մեկը հոգեբուժարան էր տեղափոխվել դեպքից կարճ ժամանակ հետո: Ինքը հենց էն տղան էր, որը, երբ Հայկազը կաղալով եկել էր սենյակ ու վատ բաներ ասել 4 կուրսանտների հասցեին, դուրս էր եկել սենյակից ու գնացել, նրանց խաբար տվել: Մյուս կուրսանտն էլ օրեր առաջ է տեղափոխվել հոգեբուժարան: Խանգարում է ստացել մենակ նրանից, որ Հայկազին կախված է տեսել: Մեկ տարի հետո նոր նրա մոտ շեղումներ են առաջացել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն արդեն մեկնարկել է: 4 անգամ դատական նիստերի հետաձգումից հետո այսօր կայացավ առաջին դատական նիստը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Կուրսանտները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:




























