Դժոխքից դրախտ. 29-ամյա Հասմիկն այսպես է բնութագրում իր ամուսնական ինը տարիներն ու ամուսնալուծությանը հետեւած նոր կյանքը: 

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակչուհի Հասմիկ Խաչատրյանն իր ամուսնական կյանքի մասին խոսելիս վերապրում է նախկին սարսափը: Հիշում է ամենօրյա ընտանեկան վեճերը, նախկին ամուսնու ծեծուջարդը, խոշտանգումներն ու նվաստացումները:

Հասմիկը ամուսնացել է 18 տարեկանում, 1-ամսյա ծանոթությունից հետո: Ստացած դաստիարակությունը աղջկան թույլ չի տվել մտքով անգամ անցկացնել, որ ինքը կարող է նաեւ չամուսնանալ իրեն հանդիպած առաջին տղամարդու հետ:

«Եթե ամուսնանում ես, ուրեմն սիրում ես, ինձ այդպես են դաստիարակել: Ինքն է իմ կյանքում միակ տղամարդը եղել, ու ես երբեք չէի պատկերացնի, որ կհասնեմ այն մակարդակի, որ կամուսնանամ ու մի օր կբաժանվեմ»,- ասում է Հասմիկը եւ ավելացնում՝ նոր է գիտակցում, որ անգիտակցաբար է ամուսնացել:

Սարգիսի հետ ամուսնանալուց հետո Հասմիկն ընդունվել է Գավառի պետական համալսարան:

Համալսարան գնալիս Հասմիկն իրավունք չի ունեցել օգտվել հասարակական տրանսպորտից, բարեւել համակուրսեցի տղաներին եւ փողոցում ծիծաղել համակուրսեցի աղջիկների կատակների վրա:  

«Ամուսնանալուց ասացին՝ խնդիր չկա, որ ուզում ես,  մենք կաջակցենք, դու կընդունվես համալսարան, ու ընդունեցին համալսարան, բայց վայ էն համալսարան գնալ-գալուն: Ոչ ոքի հետ շփվելու իրավունք չունեի: Հանկարծ կուրսի տղաներին բարեւած լինեի, կամ կուրսից աղջիկները ծիծաղելի բաներ էին պատմում, ես ծիծաղում էի, ու էդ ժամանակ Սարգիսն ինձ տեսնում էր, դա տանը կռվի էր վերածվում, ծեծում էր, ասում էր՝ ինչի՞ էիր բերանդ բացել ազապ աղջիկների հետ: Կեսրարս էլ ասում էր` ճիշտ ես անում Սարո ջան, որ ծեծում ես, թե չէ լեզուն կերկարի, կդառնա հարեւանի հարսի նման, մի օր քեզնից կբաժանվի»,-պատմում է նա:

Հասմիկը 2-րդ կուրսից դուրս է մնում համալսարանից, ասում է՝ երբ երեխայի էր արդեն սպասում, ամուսինը թույլ չի տալիս հաճախել դասերի՝ խոստանալով իր ծանոթությունների միջոցով կնոջը փոխադրել հաջորդ կուրս, սակայն խոստումն այդպես էլ չի կատարում:    

«2-րդ կուրսի կեսից արդեն հղիացա, Սարգիսն ասում էր՝ ամոթ ա, փորդ տնկես, գնաս համալսարան, նստի, ես քո քննությունները կստանամ, բայց ոչ մի բան էլ չարեց: Կեսուրս ու կեսրարս էլ ասում էին՝ որ սովորեց, դրա լեզուն կհելնի, մեզ կուտի»,-պատմում է կինը:

Հասմիկն ասում է՝ ինը տարի անասելի զրկանքներ է կրել, ֆիզիկական բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, իսկ ամուսնու ծնողները հոգեբանական բռնության են իրեն ենթարկել, զրկված է եղել ձայնի իրավունքից, «ձրիակեր ու ոչ ոք» է եղել տանը:

Մի օր, սակայն, այլեւս չի դիմացել, հերթական դաժան ծեծից հետո փախել է նախկին ամուսնու տնից՝ գիշերը լուսացնելով գյուղի գետակի կանաչուտներում:

Հայրական տուն չի գնում՝ իմանալով, որ ամուսինը առաջինը հենց այնտեղ է իրեն փնտրելու, բացի այդ էլ ծնողները կփորձեին համոզել իրեն վերադառնալ տուն եւ հաշտվել ամուսնու հետ:

 «Գիշերվա ուշ ժամ էր, հարբած եկավ, վրան հալ չկար, անիմաստ սկսեց վիճել հետս, սկսեց քաշքշել, ծեծել, խփեց, ականջիցս արյունը թափվեց, ականջիս թաղանթը տրաքել էր: Փախնում էի ու մտածում, որ հեսա բռնելու է ինձ, սպանի, որովհետեւ մի ամիս առաջ ինձ էնպես էր ծեծել, որ ոչ մեկը չէր հավատում, որ ես կապրեի, ամբողջ սենյակը արնաշաղախ էր»,-սարսափով հիշում է Հասմիկը:

Խոշտանգման ենթարկված կնոջը հիվանդանոցում տալիս են «Կանաց աջակցման կենտրոնի» թեժ գծի հեռախոսահամարը: Մի զանգից էլ սկսում է Հասմիկի փրկության ճանապարհը:

«Եթե «Կանաց աջակցման կենտրոնը» չլիներ, ես երբեք էլ իմ մեջ ուժ չէի գտնի ամուսնուս դեմ հաղորդում տալ ոստիկանություն: Գյուղում դա ամոթ էր, արդեն Սարգիսի հարազատները սկսել էին զանգել ու համոզել, որ ոստիկանություն չդիմեմ, ասում էին՝ Սարգիսը մեղք է, հետո երեխաներդ կասեն՝ իրենց հորը ոստիկանության ձեռքն ես հանձնել, բայց ես էլ էի մարդ ու այդպես ապրել այլեւս չէի կարող»,-ասում է Հասմիկը:

Սարգիսի դեմ քրեական գործ է հարուցվում ՀՀ ՔՕ-ի 119  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խորշտանգելը անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ): Սարգիս մեղավոր էր ճանաչվում 119-րդ հոդվածի 1-ին մասով եւ համաներմամբ ազատ արձակվում:

Հասմիկն ասում է՝ չնայած նախկին ամուսինը իր արժանի պատիժը չի կրել, սակայն ինքն իրեն այժմ հաղթանակած է զգում: Այժմ կինն ապրում է Երեւանում, խմորեղեն է պատրաստում եւ հանձնում խանութներին, հոգում իր եւ Սարգիսի ամուսնությունից ծնված 9-ամյա դստեր եւ իր ծնողների կարիքները: Ասում է` հեշտ չէ, շատ է հոգնում, բայց իր այսօրվա կյանքը նախկինի համեմատ դրախտ է թվում։ Նա այժմ պայքարում է  Սարգիսի խնամակալության տակ գտնվող 8-ամյա որդուն վերադարձնելու ուղղությամբ:

Որդու մասին խոսելիս, սակայն, Հասմիկը մի փոքր տխրում է, ասում է՝ տղան չի ուզում իրեն տեսնել:

«Անցած անգամ գնացի տեսակցելու, տղաս ասաց՝ մազերդ ներկել ես, եկել ես, բայց իմ մազերը միշտ էլ այս գույնի են եղել, ուղղակի աչքին եմ ուրիշ թվում, մտածում է՝ եկել եմ քաղաք, բաժանված եմ, անբարոյական եմ, ու բոլորն են այդպես մտածում»,-ասում է նա:

Հասմիկը չի բացառում որ մի օր նոր ընտանիք կստեղծի, բայց հիմա այդ մասին չի մտածում, ասում է՝ ես առանց ամուսնու էլ եմ լիարժեք ու կայացած կին:

Ընտանեկան բռնության ենթարկվող եւ ենթարկված կանանց Հասմիկ խորհուրդ է տալիս հասկանալ՝ ինչ է իրենց ուզածը, չվախենալ, հավատալ իրենց ուժերին եւ չխուսափել դիմել մասնագետներին, քանի որ իր փորձից կարող է ասել, որ մասնագետներն իսկապես գիտեն՝ ինչպես կանխել ընտանեկան բռնությունները: