15 տարի առաջ թեմատիկ Lego խաղալիք գնածները դրանց վաճառքի դեպքում ավելի շատ կվաստակեն, քան նրանք, ովքեր փող են ներդրել բաժնետոմսերի, ոսկու մեջ կամ դեպոզիտներից են օգտվել:  Նման եզրակացության են հանգել բրիտանական  The Telegraph թերթի վերլուծաբանները:

Փորձագետները պարզել են, որ FTSE 100 ինդեքսը (հիմնվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում առավելագույն կապիտալն ունեցող 100 ընկերության բաժնետոմսերի փոխարժեքի վրա) քիչ է փոխվել 2000 թվականի համեմատ: Այդ ընթացքում բաժնետերերն իրենց միջինտարեկան եկամուտն ավելացրել են ընդամենը   4,1 տոկոսով, գրում է Lenta-ն:

Այն մարդկանց ակտիվների տարեկան աճը, որոնք փող էին ներդրել ոսկու մեջ, այս ընթացքում   9,6 տոկոս է կազմել: Միաժամանակ նրանք, ովքեր նախընտրել են փողը պահել բանկային հաշիվներում, իրենց խնայողությունները ավելացրել են տարեկան ընդամենը   2,8 տոկոսով, վկայում են  Hargreaves Lansdown ընկերության տվյալները, որոնք վկայակոչում է պարբերականը:

Իսկ սկզբանական տեսքը պահպանած  Lego թեմատիկ կոնստրուկտորների գինը, որոնց թողարկումը դադարեցվել է 2000-երին, ամեն 12 ամիսը մեկ շուկայում աճել է մոտավորապես 12 տոկոսով: Ընդ որում նույնիսկ անցյալ տարի,    2015-ին գնված խաղերը հնարավոր է eBay-ում վաճառել 36 տոկոս հավելավճարով, նշում են փորձագետները: