Հարկային մարմինների կողմից 60 միլիոն դոլարով տուգանված ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը 2016 թվականից մի ցանկություն ունի` գլխատել հարկային մարմիններին:

«Մեր առաջին նախագահից մինչեւ հիմիկվա նախագահի օրոք, փաստորեն, հարկայինի վերաբերմունքը արտադրողների նկատմամբ  ցույց է տալիս, որ սխալ են աշխատում: Չկա մի հիմնարկ, ձեռնարկություն, որը գոհ լինի: Սա գնահատական է,  որ սխալ է արվում ամեն ինչ»,-դժգոհեց պատգամավորը` առաջարկելով իր մաղթանք-լուծումը. «2016-ին էս հակայինին գլխատեն, էլ ուրիշ բան պետք չէ»:

«Դրա համար ասում եմ` փոխեք, մարդիկ դարերով մնում են պաշտոնի, առանց նրանց հաշվետվությունները հաշվի առնելու, ոնց կարող է նման բան լինել: Ավետիսյան Արմենն էր, հիմա Խաչատրյան Գագոն ա, 20 տարի ա էս երկիրը սխալ ա աշխատում: Դուք մենակ մի բան պատկերացրեք` 90-ականներին 10 հազարից ավել փոքր ձեռնարկություններ ենք ունեցել,  դուք նման երկիր չեք տեսնի, որ քաղաքի կենտրոնում սուպերմարկետներ սարքեն ու վերացնեն մանրերին… Ամեն ինչ ինչո՞ւ են մոնպոլիզացնում»,-ասաց Աղաբաբյանը:

Մեր հարցին, թե միգուցե ինքն օրենսդրական նախաձեռնությամբ, հայտարարությամբ հանդես գա Ազգային ժողովում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հանդես չեմ գալու, չեմ անելու, ես չեմ էլ ուզում պատգամավոր լինեմ: Ես չեմ էլ ուզում այդ մանդատն ունենալ»:

Նա այնուամենայնիվ հույսեր կապում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացման հետ. «Ամեն վայրկյան հնարավոր է համաշխարհային քաղաքականությունը փոխվի, կանխատեսումներ անելն արդեն անիմաստ է: Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն են վատանում, ինչը մեզ համար շատ բարենպաստ վիճակ է:  Մեր արտադրական պոտենցիալը ուժեղացնենք, դա Ռուսաստանի շուկա արտահանելու հնարավորություն կտա»: