Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Ազգային ժողովի ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում Ընտրական օրենսգրքի հետ կապված խորհրդակցություններ են սկսվել, որի մասին այլ խմբակցության ներկայացուցիչներ տեղյակ են շրջանառվող լուրերից։ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես այդ մասին տեղյակ է շրջանառվող լուրերից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
«Ես ցավում եմ, որ խորհրդակցությունները սկսվել են։ Տեղեկացված չենք եղել, որքան լսել եմ ՀՀԿ-ի եւ միգուցե ԲՀԿ-ի հետ են եղել։ Մի գուցե խմորումներ կան, դա է պատճառը։ Ինչեւէ, պետք է ամեն ինչ անել որպեսզի Ընտրական օրենսգրքի քննարկումները չլինեն այնպես, ինչպես Սահմանադրության նախագիծը, պետք է ժամանակ լինի հստակ քննարկումների համար, քանի որ Սահմանադրության փոփոխությունից հետո ավելի շատ խնդիրներ կան, որոնց լուծումները թողնված է Ընտրական օրենսգրքին։ Կարող են այնպիսի մեխանիզմներ առաջ քաշել, որոնք ավելի շատ ընտրությունը կդարձնեն մեծամասնական, քան համամամասնական»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը։
Պատգամավորը շեշտեց, որ այս քննարկումների հրապարակային լինելը առավել քան կարեւոր են։
«Պիտի բովանդակային քննարկումներ լինեն ու դրանցով հնարավոր լինի փոփոխություն իրականացնել։ Չմասնակցել գործընթացին, դա քաղաքական ուժի որոշելիքն է, բայց դա, կարծում եմ՝ անընդունելի է»։ ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն արդեն հստակ առաջարկ ունի։
«Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ենք դեռ առաջարկել, որ արտասահմանյան բարձրակարգ բուհերում սովորող ուսանողներին չվերաբերի 5 տարվա մշտական բնակության սահմանափակումը, քանի որ սա խոչընդոտում է առաջնակարգ բուհերում կրթված երիտասարդների առաջընթացին, ինչը բխում է նաեւ մեր երկրի շահերից։ Եթե առաջադեմ կադրեր ենք պահանջում, այդ պահանջով նրանց հետ ենք մղում»,-նշեց պատգամավորը։




























