Մինչ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, ԲՀԿ խմբակցությունն արդեն խորհրդակցություններ է անցկացնում եւ ունի երեք ուղղություններով մոտեցումների առաջարկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Ընտրական համակարգի,  ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության ապահովման մեխանիզմների եւ, այսպես կոչված, համամասնական ընտրության ռեյտինգային ձեւաչափի վերաբերյալ երեք ուղղություններն են, որոնց նկատմամբ պետք է առաջարկներ ներկայացնել։ Այս պահին դրանք քննարկման փուլում են»։

Նշենք, որ ռեյտինգային մոտեցումը շատերի մոտ մտահոգություն է առաջացրել, որ այդ ձեւաչափը կարող է համամասնական ընտրակարգը իմաստախեղել ու ավելի շատ այն գործի մեծամասնական ընտրակարգի տարբերակով։

Մելքումյանն ասաց, որ իրենք նման մտավախություն չունեն։

«Որեւէ նման մտավախություն չկա, հակառակը՝ ռեյտինգային տարբերակը շատ ավելի  հարցեր կլուծի։ Մենք  մտավախություն չենք տեսնում։ Այնպես չի, որ ընտրատարածքները մնում են այն ձեւաչափով, որ այսօր ֆինանսական գործոնը ռեալ ազդեցություն ունենա»,-վստահեցրեց պատգամավորը։