Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար  11 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանի պաշտպանը առաջին ատյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դատապարտյալի պաշտպան Հրանտ Գեւորգյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ անօրինական վճիռ է կայացվել:

«Ոչ մի ապացույց հաստատված չէ, ամեն ինչ բացառապես ենթադրությունների վրա է հիմնված եղել: Հերիքնազն ալիբի ունի, նա մեղավոր չի իրեն մեղսագրվող արարքում: Երբ ասում են, որ նա Դուբայում է եղել, այդ ժամանակ ապրել է Թուրքիայում, Օմանում, Ռուսաստանում, իսկ գործի նյութերում բոլոր զանգերն արված են եղել Դուբայից Հայաստան, Հայաստանից Դուբայ»,-ասաց պաշտպանը:

Հրանտ Գեւորգյանը վստահեցրեց, որ Հերիքնազ Խաչատրյանին դապատվճիռը պատվիրված է եղել: «Դատարանը հլու-հնազանդ ենթարկվեց նախաքննական մարմինների բանսարկություններին»,-ասաց նա: Հրանտ Գեւորգյանը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը արդարացի որոշում կկայացնի՝ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 1-ին մեղավոր ճանաչեց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին՝ դատապարտելով նրան 11 տարի 6 ամսվա ազատազրկման: Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:

Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թրաֆիքինգի զոհ դարձել: