ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացու նկատմամբ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015թ. դեկտեմբերի 23-ին քաղաքացի Գուսիկյանից ահազանգ էր ստացվել, որ Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ՝ իր վարձակալած բնակարանում, բռնություն գործադրել, ապա հափշտակել դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակն ու դիմել փախուստի:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել)։
Քրեական գործով պարզվել է, որ տուժողը 2015թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում ծանոթացել է մի տղամարդու հետ, ով ներկայացել է որպես Արտյոմ, ապա 2015թ.-ի դեկտեմբերի 23-ին` ժամը 24:00-ից մինչեւ 02:00-ն ընկած ժամանակահատվածում, հյուրընկալվել Գուսիկյանի վարձակալած բնակարանում՝ նրա իսկ հրավերով։
Նախնական քննության տվյալներով՝ հյուրընկալվելու ընթացքում տղամարդը, ավազակային հարձակմամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող կոնյակի շշով անսպասելի հարձակվել, հարվածել է Գուսիկյանի գլխին, ապա շարունակել բռնության գործադրումը՝ ձեռքերով, ոտքերով, ինչպես նաեւ այլ առարկայով հարվածներ հասցրել դեմքին եւ ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը՝ դիմել փախուստի:
Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ոմն Արտյոմի ինքնությունը եւ բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ տուժողի հետ ծանոթացած տղամարդն իրականում քաղաքացի Վ.Մանուկյանն է, ով տուժողի հետ ծանոթանալիս այլ անունով էր ներկայացել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ Վ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է եւ հայտարարվել հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։




























