Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերը՝ Ռոբերտ եւ Լաուրա Կարապետյանները, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել շենքի երկաթյա դուռն ու մտել իրենց կիսակառույց բնակարան, պատրաստվում են Ամանորը դիմավորել այնտեղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամուսինների դուստրը` Նելլի Կարապետյանը:
«Ոչ մի հարմարություն չկա, բայց պայքար, պայքար մինչեւ վերջ: Եթե դուրս գան, էլ չեն թողնի ներս մտնել, Նոր տարին էլ են այնտեղ դիմավորելու, իրենց տունն է, վճարել են, ոչ մի իրավունք չունեն ներս չթողնելու»,-ասաց Նելլի Կարապետյանը:
Կարապետյանների դուստրը հայտնեց, որ ծնողները ցանկանում են սանհանգույցը կառուցել, սակայն շենքի սեփականատերը թույլ չի տալիս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերը, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել երկաթյա դուռը եւ մուտք գործել շենք, հրաժարվում են լքել իրենց բնակարանները:
Բնակարանատերերին վրդովեցրել է այն, որ իրեն շենքի սեփականատեր կոչող Անդրանիկ Խալոյանը հրաժարվում է հանձնել բնակարանները, մինչեւ իրենք նախնական պայմանագրով սահմանված 1ք.մ-ի դիմաց նախատեսված 700-800 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարեն 1080 դոլար:
Նշենք, որ կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանի հետ 2006-2008թթ. քաղաքացիները կնքել են նոտարով հաստատված նախնական պայմանագիր, որով վերջինը պարտավորվել է մինչեւ 2009թ. հանձնել բնակարանները:
Շենքի կառուցումն սկսվել է պայմանագրով նախատեսված առաջին փուլի վճարումից հետո։ Որոշակի շինարարական աշխատանքից հետո բնակիչները կատարել են երկրորդ վճարումը, իսկ երրորդ վճարումը պետք է կատարեին բնակարանների սեփականության իրավունքները հանձնելիս, ոմանք նույնիսկ ամբողջությամբ են վճարել իրենց ապագա բնակարանների համար։
Գագիկ Պապոյանի նկատմամբ մեկ այլ` Արամի փողոցի նորակառույց շենքի բնակարանների բազմակի վաճառքի համար մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:
Բնակիչներ խոսքով՝ դրանից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով անհատ ձեռներեց, որը հայտարարել է, թե ինքն է շենքի սեփականատերը՝ հողատարածքը, որտեղ կառուցվել է շենքը, իրեն է պատկանում:
Պուշկինի 51/1 հասցեի ապագա բնակիչները պնդում են, որ 46 ընտանիք է դրսում մնացել, մինչդեռ նույն շենքի երկրորդ մուտքի բնակարանները առանց սեփականության իրավունքի արդեն բնակեցված են, ինչը նշանակում է, որ հնարավոր է` Գագիկ Պապոյանը վերավաճառել է նաեւ իրենց բնակարանները:
Բնակիչները դատարան դիմել չեն ցանկանում, արդարադատությանը չեն հավատում, ասում են՝ Անդրանիկ Խալոյանն ամենակարող է, դեռ մի բան էլ դատարանը կապացուցի, որ իրենք են խախտել ուրիշի սեփականության իրավունքը:




























