2015 թվականից զգալի փոփոխություններ տեղի ունեցան Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։

«2 մլն փախստական, որոնք սիրիական պատերազմի պատճառով ապաստան էին գտել Թուրքիայի տարածքում, սկսեցին հեռանալ Թուրքիայից եւ ապաստան փնտրել Եվրոպայում։ Դրանցից 4000-ը այդպես էլ չկարողացան ափ իջնել` խեղդվելով անհյուրընկալ ջրերում։ Փախստականների հարցի շնորհիվ Թուրքիան կարողացավ որոշակի առաջընթաց արձանագրել ԵՄ-ի հետ հարաբերություններում, որոնք երկար տարիներ փակուղի էին մտել։ Թուրքիայի աշխարհագրական դիրքը եւ փախստականների հոսքը կանխելու հեռանկարը ԵՄ-ին ստիպեցին որոշ փոփոխություններ կատարել Թուրքիայի նկատմամբ հարցերի վերաբերյալ»,- նշել է թուրքագետը։

Նրա խոսքով, նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24-ին խոցելուց հետո, կտրուկ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները։ «Շաբաթներ շարունակ երկու երկրների ղեկավարներն անխնա կերպով քննադատում են միմյանց` անցնելով դիվանագիտական պարկեշտության սահմանները։ Մի շարք հայտարարություններից բացի` Պուտինը Թուրքիայի քայլը բնորոշեց որպես թշնամական ակտ, իսկ Թուրքիայի վարչապետն էր հայտարարեց, որ Պուտինին լուրջ չի վերաբերում։ Ռուսաստանն անհերքելի ապացույցներ ներկայացրեց, որ Թուրքիան ուղղակիորեն եւ անթաքույց կերպով աջակցում է Իսլամական պետությանը` վերջինիս հետ ներգրավված լինելով մեծածավալ նավթային առեւտրի մեջ։ Այն, ինչ Թուրքիան կարողանում էր անխոչընդոտ կերպով իրականացնել Սիրիայում մինչեւ նոյեմբերի 24-ը, այդուհետ լուրջ հարցականի տակ դրվեց»,- նշել է Տեր-Մաթեւոսյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքական հարթություններում տարիներ շարունակ կուտակված խնդիրները 2015 թ. գլուխ բարձրացրին աննախադեպ ծավալներով եւ ընդգրկումով։