2015թ.-ն հագեցած էր, բարդ ու լի մարտահրավերներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Վարչապետի խոսքով՝ այս տարի երեք կարեւորագույն իրադարձություն է տեղի ունեցել, որից առաջինը տնտեսական աճն է:

«Աճ կա արդյունաբերությունում՝ 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 12,6 տոկոս, ծառայությունների ոլորտում, առանց առևտրի` 3 տոկոս: Միջին գնաճը կազմել է 4.1 տոկոս այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8.5 տոկոսով»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս ամենը եղել է ՌԴ-ում պատժամիջոցների ու տրանսֆերտների շուրջ 500 մլն դոլարի անկման ֆոնին:

Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ երկրորդ կարևորագույն ձեռքբերումը Սահմանադրական փոփոխությունների իրականացումն է, որը  համաժողովրդական քվեարկության արդյունքն է. «Հանրաքվեով ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած օրինագիծը, անկասկած, արժեքավոր հիմք է ծառայում Հայաստանի բարեկեցության և կայուն զարգացման համար: Կարեւորում եմ, որ Սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ՀՀ ԱԺ դերակատարումը, ստեղծում է խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես ու արդյունավետ մեխանիզմներ՝  բարձրացնելով Կառավարության հաշվետվողականությունը»:

Երրորդ կարեւորագույն իրադարձությունը, ըստ վարչապետի, խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն է. «Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են` միանալով ԵԱՏՄ-ին, Հայաստանը հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների, ինչպիսիք են Մոլդովան ու Վրաստանը: Միաժամանակ ՀՀ-ն 2015 թվականի դեկտեմբերին նոր լայնածավալ բանակցություններ սկսեց ԵՄ-ի հետ: Քննարկել ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր` ուղղված մեծացնելու մեր փոխգործությունները ԵՄ անդամ երկրների հետ»:

Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ 2016 թվականին Հայաստանը նոր հաջողություններ է արձանագրելու: