Վերլուծաբանները, որոնց շրջանում Bloomberg գործակալությունը հարցում էր արել, գնահատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, Ռուսաստանի կառավարության, Ֆինանսների նախարարության ու Կենտրոնական բանկի աշխատանքը: Վերլուծաբանների կարծիքով վատագույն տնտեսագետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որը ամենացածր գնահատականներ է ստացել. հարցմանը մասնակցած 22 փորձագետների 27 տոկոսը ՌԴ նախագահին «F» («Մեկ») գնահատական է դրել, 50 տոկոսը Պուտինին դրել է D ու C, այսինքն «երկուս» ու «երեք», իսկ A («գերազանց») գնահատական ՌԴ նախագահին միայն մեկ վերլուծաբան է դրել:

«Ռուսաստանի տնտեսության բարդությունների մեծամասնությունը պայմանավորված է հակառուսաստանյան տնտեսական պատժամիջոցներով, որոնք ձեռնարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության պատճառով»,- նշում է Ներիջուս Մաչյուլիսը, Swedbank AB -ի ավագ տնետսագետը, հայտնում է Gazeta–ն:

Պուտինից մի քիչ ավելի հաջող են վարչապետ Մեդվեդեւի ու նրա կառավարության արդյունքները, որի տնտեսական գործունեությունը վերլուծաբանների մեծամասնությունը «երեք» է գնահատել: Ֆինանսների նախարարությունը, որը ղեկավարում է Անտոն Սիլուանովը, հիմնականում դրական գնահատակների է արժանացել՝ փորձագետների 52 տոկոսը Ֆիննախին «գերազանց» է դրել՝ իսկ 48 տոկոսը՝ «երեք» ու «երկուս»:

Լավագույն արդյունքը Ռուսաստանի ԿԲ-ինն է, վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը Էլվիրա Նաբիուլինայի ղելավարած ԿԲ աշխատանքը գնահատել է «լավ» ու «գերազանց»:

«Ընդհանուր առմամբ, ԿԲ-ն ու Ֆինանսների նախարարությունն առավել արդյունավետ են գործել՝առաջնորդվելով իրատեսական կանխատեսումներով,- նշել է Գյունտեր Դեբերը, Raiffeisen Bank International AG-ի վերլուծաբանը: