Լողի 28-ամյա մարզիչ, փրկարար Մկրտիչ Ոսկանյանի ամենամեծահասակ աշակերտը 70 տարեկան է, ամենակրտսերը՝ 3: Ինը տարեկանից պրոֆեսիոնալ լողով զբաղվող մարզիչն ասում է` նրանք բոլորը ջրում հավասար հնարավորություններ ունեն:
«Ջուրը թույլ է տալիս, որ ամեն տեսակի խնդիր ունեցող, ամեն տարիքի մարդ իրեն լիարժեք ու լավ զգա: Լողը տարիք չի հարցնում, լողի կարող են գալ բոլորը՝ մի քանի ամսականից սկսած մինչեւ անգամ հարյուր տարեկան»,- ասում է Մկրտիչը, որն իր 10 տարվա փորձից գիտի` չկա մեկը, որ լողալ սովորել չկարողանա:
Մարզիչին հակառակում համոզելն անհնար է այն տասնյակ դեպքերից հետո, երբ ֆիզիկապես սահմանափակ կարողություններով աշակերտները լողալ սովորելու շնորհիվ հաղթահարել են իրենց հենաշարժողական ապարատի խնդիրների մի մասը։
«Մի աշակերտ ունեի, որը ոտքերի հետ կապված խնդիր ուներ, ոչ մի քայլ չէր կարողանում միայնակ անել: Եկավ լողի ու որոշ ժամանակ անց արդեն ինքնուրույն մի քանի քայլ էր կատարում»,- պատմում է մարզիչը:
Լողն օգնում է զարգացնել նյարդային համակարգը, ուժեղացնում իմունիտետը, լավացնում արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում ավելի արագ արդյունքի հասնել:
«Ջրի մեջ մարդու մարմինը թեթեւանում է իր սովորական քաշից, դրա հաշվին նա կարողանում է ավելի հեշտությամբ շարժվել, ու եթե մկանները թույլ են զարգացած, աշխատեցնելով կամաց-կամաց զարգանում են»,- բացատրում է Մկրտիչը:
Մարզիչի փորձը ցույց է տվել, որ լողը հակացուցում չունի ոչ մի տեսակի հիվանդության դեպքում։ Միակ անհանգստությունը պետք է լինի մարզիչի ընտրությունը, որը բացի պրոֆեսիոնալ լողորդ լինելուց, նաեւ բժշկական գիտելիքներ պետք է ունենա, ասում է` Մկրտիչը, որը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ է։
Մինչեւ 15 տարեկան աշակերտները Մկրտիչի մոտ լողի են հաճախում լողալ սովորելու եւ հետագայում ավելի բարձր արդյունքների հասնելու համար, 15 տարեկանից բարձրերը՝ առողջանալու, որոշներն էլ՝ նիհարելու նպատակով:
Վերջինների համար մարզիչը նաեւ ճիշտ սննդակարգի խորհուրդներ է տալիս։
«Ջրի մեջ թթվածնային պակասի պայմաններում մարդու ճարպերն ավելի արագ են հալվում»,- ասում է Մկրտիչը:
Բացի ընդհանուր լողավազանում անհատական ու խմբակային պարապմունքներից` Մկրտիչն առաջիններից է Հայաստանում, որ նոր` ընտանեկան մարզիչի մշակույթ է ձւավորում, երբ մարզիչն ինքն է այցելում աշակերտներին եւ անհատական կուրսեր անցկացնում նրանց հետ։
«Օրինակ, կան կանայք, որոնք չեն ցանկանում ընդհանուր լողավազան գալ, կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց համար դժվար է տեղաշարժվելը։ Նման դեպքերում պարապմունքները կազմակերպում ենք նրանց տանը, եթե, իհարկե, լողավազան ունեն։ Այս դեպքերում հիմնականում նիհարեցման եւ առողջացման համալիր կուրսեր ենք անցկացնում»,– ասում է Մկրտիչ Ոսկանյանը։




























