Անդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքում ամբողջ գիշեր ընթացել եւ վաղ առավոտից շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։

Արտակարգ ռեժիմով աշխատող սանմաքրման ձեռնարկությունները շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցները: Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ,  շարունակվում են նաեւ  մայթերի, կանգառասրահների, բակերի եւ միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաեւ աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Աշխատանքները վերահսկվում եւ կանոնակարգվում են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ հատուկ օպերատիվ շտաբի կողմից:

Ամբողջ գործընթացը վարչական շրջանների ղեկավարների շուրջօրյա վերահսկողության տակ է: