Բառացիորեն Նոր տարուց առաջ` դեկտեմբերի  30-ին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը զեկույց հրապարակեց 2015-ի հունվար-նոյեմբերին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ տվյալները սկզբունքորեն կարող են ընդհանուր  պատկերացում տալ արդեն անցած տարվա վերաբերյալ: Չէ՞ որ հազիվ թե դեկտեմբերին արմատական տեղաշարժեր եղած լինեն: 

Այդ տվյալներից դատելով` հայրենական արդյունաբերությունը  (ներառյալ էներգետիկան) օրացույցային տարին «դրական նշանով» է փակել: Հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան հաշվարկով աճել է  4,6 տոկոսով: Այդ աճը հնարավոր է նշանակալի նվաճում համարել Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում արդյունաբերական անկման պայմաններում:  

Մետաղական հումքի արդյունահանման ոլորտը նպաստել է ընդհանուր ցուցանիշի   7,1 տոկոս հարաբերական աճին: Առաջ անցնող դինամիկայի շնորհիվ  (արդյունաբերական աճ մոտ մեկ ու կես անգամ) նշված ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում աճել է  1,9 տոկոսով` հասնելով մինչեւ 16,7 տոկոսի:

Չնայած իր մասնաբաժնով մետաղական հանքանյութի արդյունահանումը զգալիորեն զիջում է վերամշակող արդյունաբերությանը, արտահանման, ինչպես նաեւ պետբյուջեի հարկային եկամտի համար բավականին նշանակալի է:  Այսպես, ոլորտի առաջատարը` Զամգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը առանձին տարիների գլխավորել է հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակը: 

Այնինչ վերամշակող արդյունաբերության առումով ճիշտ հակառակ պատկերն է` արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է 5,3 տոկոսով: Դա նպաստել է Հայաստանի արդյունաբերության ընդհանուր ցուցանիշի 2,3 տոկոսով հարաբերական դանդաղեցմանը: 

Հարցն այն է, որ վերամշակող արդյունաբերության երկու առաջատար ոլորտում` սննդանյութի եւ ըմպելիքների արտադրության մեջ արտադրանքի իրացման անբարենպաստ պայմաններ են ստեղծվել: Ինչպես հայտնի է, անցյալ տարի բնակչության մի մասի դրամական եկամուտները կրճատվել են փոխանցումների հոսքի նվազման հետեւանքով: Այդ գործոնն ազդել է իրացման, այդտեղից էլ` սննդամթերքի արտադրության վրա: Իր դերն է խաղացել նաեւ բնակչության միգրացիան: 

Ըմպելիքների արտադրության վրա ազդել է արտաքին գործոնը`Ռուսաստանում հայկական կոնյակի իրացման դանդաղումը: Մեր հյուսիսային հարեւանի տնտեսության մեջ առկա միտումներից դատելով` առայժմ չարժե հույս փայփայել, թե կվերականգնվեն դեպի Ռուսաստան կոնյակի արտահանման նախկին ծավալները: Արդյունքում կոնյակի թողարկումը տարեկան կտրվածքով կրճատվել է մոտ  1,5 մլն լիտրով կամ 8,6 տոկոսով: Նշենք, որ կրճատվել են նաեւ հիմնականում ներքին շուկայում իրացվող այլ ալկոհոլային խմիչքների` գինու եւ գարեջրի արտադրության ծավալները: