Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է վերացնել «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 ստորջրյա հարթակի վթարի հետեւանքները: 

Ինչպես հաղորդում է  «Թրենդը», նախարարության Պետական հակահրդեհային  ծառայության  հրշեջ  «Հողմապտույտ-5» եւ «Հողմապտույտ-8» նավերը  ներկայումս պայքարում են կրակի դեմ, ինչպես նաեւ շարունակում են անհետ կորած նավթագործ բանվորների որոնումները: 

Դեկտեմբերի չորսի երեկոյան ուժեղ փոթորիկի հետեւանքով վնասվել էր բարձր ճնշման ստորջրյա գազատարը, ինչը ադրբեջանական SOCAR պետական ընկերության   «Գյունեշլի» հանքավայրի հարթակում հրդեհի պատճառ է դարձել: Լայնածավալ փրկարարական գործողության արդյունքում   33 մարդ է փրկվել: Այս պահին հայտնաբերված է ութ զոհվածի մարմին,  22 նավթագործ բանվոր անհետ կորած է համարվում: