Թեեւ մայրաքաղաքի մի շարք գլխավոր ու բազմաթիվ երկրորդական փողոցներ շարունակում են ծածկված մնալ ձյան  հաստ շերտով, քաղաքապետարանը հաղորդագրություններ է տարածում`վստահեցնելով, որ անդադար իրականացվում են ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետարանի լրատվական ծառայության պատասխանատու Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում  պնդեց, որ աշխատանքները կշարունակվեն են այնքան, մինչեւ կմաքրվեն բոլոր փողոցները`գլխավոր, երկրորդական եւ բակային հատվածները:

«Առաջնահերթը, բնականաբար, գլխավոր փողոցներն են, ինչպես հայտնի է, դրանք ձնից  մաքրված են, չմոռանաք, որ երեք օր անդադար ձյուն է տեղացել: Երկրորդական փողոցների հետ կապված եւս աշխատանքներ տարվում են»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե Նոր Նորքի զանգվածում բազմաթիվ երկորդական փողոցներ ու բակային հատվածներ ձյունից չեն մաքրված, Արթուր Գեւորգյանն արձագանքեց. «Որեւէ մեկը չի ասում, որ որեւէ խնդիր չկա, եւ ամբողջությամբ աշխատանքն արված ավարտված է: Եթե նման ձեւակերպում լիներ, նոր  դժգոհությունները տեղին կլինեին: Շուրջօրյա ռեժիմով դեկտեմբերի 30-ից մինչ օրս շարունակվում են աշխատանքները: Կան փողոցներ, որտեղ ձյունը չեն հասցրել մաքրել: Աննախադեպ էին տեղումները: Համոզված եղեք, որ մի քանի օրվա ընթացքում հնարավորինս կմաքրվեն բոլոր փողոցները»,-ասաց Արթուր Գեւորգյանը: