ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին։

Այս առնչությամբ ՀԱԿ-ի տարածծ հայտարարության մեջ ասվում է.

«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 31-ին ոստիկանությունը հարձակվել է Ազատության հրապարակում Նոր տարին դիմավորելու հանդիսություն կազմակերպած «Նոր Հայաստանի» ակտիվիստների վրա։ Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված չորս ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է, ապա դատարանի վճռով նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսա կալանքը։

Ոստիկանները խոչընդոտելով իրենց ամանորյա տոնը Ազատության հրապարակում նշել ցանկացող քաղաքացիներին, նաեւ բռնություններ են գործադրել նրանց նկատմամբ։ Բռնության թիրախներից մեկն էլ եղել է հենց Գեւորգ Սաֆարյանը։

Սերժ Սարգսյանի՝ նոր սահմանադրությամբ խոստացած «անաչառ դատարանը», անտեսելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, շուռ է տվել գործը՝ իրական տուժողին դարձնելով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրող, իսկ բռնություն գործադրած ոստիկանին՝ տուժող։

Առանց որեւէ հիմքի ներկայացված սույն մեղադրանքով ընդունած կալանավորման որոշումն էլ դատավորը հրաժարվել է տրամադրել փաստաբանին։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ կատարված հերթական այս ոտնձգության փաստը, պահանջում անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին, նրա նկատմամբ իրականացվածը համարելով քաղաքական հետապնդում։