Գյումրիում հունվարի 2-ին տեղի ունեցած դանակահարությունից տուժած՝ 26-ամյա Անի Գեւորգյանը պահանջելու է, որ նախկին ամուսինը՝ 27-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը պատժվի իրեն, իր քրոջը, մորն ու տաքսու վարորդին դանակահարելու համար:  

NEWS.am-ի հետ զրույցում Անի Գեւորգյանը պատմեց, որ ամուսինն իրեն բազմիցս սպառնացել է սպանել, պահանջել է ավելի հաճախ տեսակցել 1 տարեկան երեխային, քան մայրը թույլ է տվել: 

«Երեխու կռիվն է եղել, անընդհատ ուզեցել է երեխուն տեսնել: Բաժանված ենք դատարանով, կոնկրետ օրեր կան, որ ինքը կարող է գալ, տեսնել երեխային: Բայց ինքը պահանջում էր, որ ավելի հաճախ տեսներ: Ինձ էր ուզում նաեւ հետ բերել, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց Անի Գեւորգյանը: 

Անի Գեւորգյանը պատմեց, որ նախկին ամուսնուն տեղեկացրել են, որ գնալու են նրանց տուն՝ զրուցելու ու իրավիճակը հարթեցնելու, ու երբ հասել են տան մոտ, ամուսնինը դուրս է եկել ու դանակահարել իրեն, մորը, քրոջն ու տաքսու վարորդին: 

«Գնացինք, տաքսիից իջանք, ու ինքը հարձակվեց մեր վրա: Երեւի ոխակալած էր իմ վրա»,- ասաց կինը՝ նշելով, որ ինքն ու քույրը դեռ հիվանդանոցում բուժում են ստանում, իսկ մայրն ու վարորդը  դուրս են գրվել: