Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա կալանավորված Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի գործով դատաքննությունը հունվարի 8-ից սկսվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն, Զավեն Միրիջանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի քվեարկությանը նյութապես շահագրգռելով՝ Հայաստանի քաղաքացիների հանրաքվեի իրավունքի եւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:
Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մեղադրանք առաջադրել Զավեն Միրիջանյանին՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր:




























