Ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը դիմել է դատարան` պահանջելով «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստ նշանակել փետրվարի 24-ին:

Նշենք, որ Մարինե Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Գեւորգ Գրիգորյանին պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել եւ հրապարակավ ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ «Ազատ գոտի» հաղորդման ժամանակ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե, Գեւորգ Գրիգորյանի կարծիքով, ինչո՞ւ Մարինե Թովմասյանը հաղորդմանը չի ներկայացել, Գրիգորյանն արձագանքել էր. «Եթե մի մարդ իր պարտքն ա համարում, լինելով փաստաբան, պաշտպան՝ ամեն տեղ, ամեն լրատվականի կանգնի հստակ, դեպքի վերաբերյալ հլը դեռեւս ոչ մի եզրակացություն չունեցած, ուրիշ ձեւ չեմ կարա կոչեմ, զրպարտանք ներկայացնի՝ բուժանձնակազմին կամ բժիշկներին, ներկայում ինքը կարող էր գալ, ընդհուպ մինչեւ փոխնախարար իր հարցերն ուղղել»: