Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները նույնպես երկարաձգվեցին մինչեւ հունվարի 18-ը: Այս մասին որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տարոն Մարգարյանը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչեւ 18 տարեկան երեխաներ եւ պատանիներ են եւ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության ու Կրթության եւ գիտության նախարարների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշում է ընդունել հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները շարունակել մինչեւ հունվարի 18-ը:




























