Հունվարի 4-ին բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 41-ամյա Արմեն Կարապետյանն այսօր` հունվարի 9-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնից` նշելով, որ հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից իրենց մոտ տեղափոխված Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանի վիճակը դեռ շարունակում է ծանր մնալ, նա միացված է արհեստական շնչառության ապարատին:
Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ բոտուլիզմ ախտորոշմամբ Հրազդանի ԲԿ-ից իրենց մոտ տեղափոխվել երրորդ հիվանդի` 34-ամյա Լուիզա Հակոբյանի վիճակը դեռ միջին ծանրության է, նա ապաքինվում է:
NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցից ել տեղեկացրին, որ հունվարի 4-ին Հրազդան ԲԿ-ից իրենց մոտ բոտուլիզմ ախտորոշմամբ տեղափոխված Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի երկու բնակիչները նույնպես ապաքինվում են, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էինք, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը:




























