Մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարար Բաղդասար Խալաթյանը մեղադրվում է անձի առեւանգման եւ խոշտանգման մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Վարդանյանը Երեւանի բնակիչ Արարատ Մանուկյանին բացահայտ առեւանգելու նպատակով նախնական համաձայնության է եկել հայր եւ որդի Բաղդասար եւ Հովհաննես Խալաթյանների հետ: Բաղդասար Խալաթյանի կազմակերպմամբ եւ պահանջով՝ 2015թ. փետրվարի 10-ին նրանք Մանուկյանին առեւանգել են եւ տեղափոխել գործարարին պատկանող տաքսի ծառայության 1-ին հարկում գտնվող սենյակ:
Բաղդասար Խալաթյանը մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը Արարատ Մանուկյանին հարկադրաբար պահել է նույն շինության 1-ին հարկում գտնվող սենյակում` ապօրինի զրկելով ազատությունից:
Այդ ընթացքում Կարեն Վարդանյանը ընկերոջ` Բաղդասար Խալաթյանի հետ նախնական համաձայնությամբ, տեւական ժամանակ, որպես զենք օգտագործվող մահակով առանձնակի դաժանությամբ ծեծի են ենթարկել Արարատ Մանուկյանին: Բացի դրանից Կարեն Վարդանյանի օժանդակությամբ Բաղդասար Խալաթյանը հափշտակել է 19 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա:
Կարեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերով, եւ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բաղդասար Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վարդանյանը կալանավորված է, իսկ Բաղդասարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Գործը քննվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ գործարար Բաղդասար Խալաթյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2014թ.-ի ամռանը նրա կինը ծեծի էր ենթարկել իր հարսի ծնողներին, որից հետո ծեծի ենթարկվածները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն: Վեճի եւ ծեծկռտուքի պատճառը նրանց թոռնիկն է եղել՝ 5-ամյա Աննան: Պարզվել է, որ դեպքից օրեր առաջ գործարարի որդին՝ Հովհաննես Խալաթյանը, տնից վռնդել էր կնոջը, սակայն ցանկանում էր իր մոտ պահել երեխային՝ զրկելով կնոջը մայրական իրավունքից: Արմինեն վերցրել էր երեխային եւ հեռացել քաղաքից: Հենց այդ պատճառով էլ դեպքի օրը գործարարն ու իր կինը եկել են խնամիների տուն, վիճել, ինչի պատճառով էլ բերման էին ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Բացի դրանից, դեռ 2007թ.-ին մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարարը հողատարածքի համար վիճել էր քանդակագործ Վաչագան Մանսուրյանի կնոջ հետ եւ ծեծի ենթարկել նրան: Դեպքից անմիջապես հետո Խալաթյանը թղթեր էր ձեւակերպել՝ իբր թե տարածքն օգտագործելու է խաղահրապարակ կառուցելու համար: Այսօր այդ վայրում գործարարի առանձնատունն է:




























