Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած 3 անձի դանակահարության մեջ մեղադրվող անչափահաս տղան կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) եւ 117-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Դանակահարությունից տուժած երեք երիտասարդներից մեկը՝ Արա Միրզոյանը, որ ենթաստամոքսային գեղձի վնասվածք ուներ, դեռ բուժում է ստանում հիվանդանոցում: Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է նա, NEWS.am-ին հայտնեցին, որ վիճակը կայուն է, դրական դինամիկա կա:
Դանակահարված մյուս երկու տղաները՝ 18-ամյա Տիգրան Բաղդասարյանը եւ 15-ամյա Արարատ Շահնազարյանը լավ են, նրանց վնասվածքները թեթեւ են եղել, բուժում ստանալուց հետո դուրս են գրվել Ստեփանավանի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էին դեպքից հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մի խումբ տղաների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 20-ի սահմանում, Ստեփանավանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ նշված անձանց դանակի գործադրմամբ պատճառվել են մարմնական վնասվածքներ:




























