Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լոռու մարզի 21-ամյա բնակիչ Սամվել Գ.-ին ծառայակցին ծեծելու եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղավոր է ճանաչել: Սամվելի կատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն նա լքել է ՀՀ տարածքը, դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնին:
Դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, կալանքի ժամկետի սկիզբը հաշվել փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
Նշենք, որ Սամվել Գ. 2015թ. հունիսի 29-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով` հանդիսանալով ՊԲ հետախույզ, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նա բռնություն է գործադրել շարքային Ա.Պեպանյանի նկատմամբ` մեկ անգամ ապտակել եւ քաշքշել նրան` Ա.Պեպանյանին պատճառելով աջ արմնկահոդի հետին մակերեսի եւ աջ սրունքի վերին երրորդի առաջային մակերեսի շրջանների քերծվածքներ:
Սամվել Գ.-ի նկատմամբ 2015թ. հունիսի 29-ին որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2015թ. հունիսի 30-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որն 2015թ. հուլիսի 27-ին ընդունվել է վարույթ եւ նշանակվել դատաքննության 2015թ օգոստոսին, սակայն ամբաստանյալ Սամվել Գ.-ն չի ներկայացել դատական նիստերին:
2015թ. նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի գրությունն այն մասին, որ Սամվել Գ.-ն 2015թ. օգոստոսի 11-ին, սահմանային անցակետով մեկնել է ՀՀ-ից:




























