Միանգամից կանխատեսել, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներկայացվող հակահայկական զեկույցների քվեարկությունը տապալելուն ուղղված Հայաստանի պատվիրակության քայլերը որեւէ հաջողություն չեն ունենալու, թերեւս սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Նշենք, որ երկու շաբաթից ԵԽԽՎ-ում քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։ Դեռեւես անցած տարեվերջին Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները արտգործնախարարի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ակտիվորեն քննարկում էին այս զեկույցների օգտին քվեարկությունը տապալելու քայլերը։ Այդ նպատակով նախատեսվում էր, որ պատվիրակության անդամներն ու առանձին պատգամավորներ կգործուղվեն տարբեր երկրներ՝ դիվանագիտական կապերը օգտագործելով հօգուտ զեկույցների տապալման:
«Պետք է պայքարել ու դա ողջունելի է, բայց միաժամանակ պետք է գիտակցենք՝ ինչ է այդ փաստաթղթի ազդեցությունը։ Դա ընդամենը մի փաստաթուղթ է, որի նման ժամանակին եղել է, բայց արդյոք դա իր ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա, չեմ հավատում։ Այս կառույցը չպետք է դառնա առաջին գիծ, այլ պետք է ծառայի երկխոսություններին։ ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի իր իմիջի համար, որ այդ կառույցը Ադրբեջանը դարձնում է առաջնագիծ եւ ոչ թե արժեքների փոխանակման կառույց։ Իսկ եթե նմանատիպ զեկույց ընդունվի, չպետք է պարտության զգացողություն ունենալ, այլ պետք է փորձել պաշտպանել մեր շահերը։ Պետք է հասկանանք, որ հարցի լուծումը գտնվում է մեր ձեռքում, այս փաստաթղթերը չեն ունենա երկար կյանք»,-ասաց Թեւան Պողոսյանը։
Անդրադառնալով այն տեսակետին, որ նման բանաձեւերի առկայությունը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության վատ աշխատանքի արդյունքն է, Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Մենք պետք է հասկանանք այդ կառույցի իմաստը, սա դաշտ է, որտեղ պետք է լինի երկխոսություն համամարդկային, եվրոպական արժեքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։ Հիմա եթե այս փաստաթղթերը որեւէ ձեւով չեն բխում այս արժեքներից, դրա համար պետք չէ այդ առանձին զեկույցներով, որոնք բոլորիս հայտնի են, արդար հիմքեր չունեն, գրվել են ամբողոջովին ադրբեջանական ազդեցության տակ, մտահոգվենք։ Եթե մենք ավելի շատ մտահոգվենք ԵԽԽՎ արժեքային համակարգի համագործակցության դաշտով եւ մեր աշխատանքը ճիշտ կազմակերպենք, ուշ թե շուտ այդ զեկույցները մոռացվելու են»։
Հարցին, թե եթե այդ զեկույցներն այդքան էական չեն, այդ դեպքում ինչո՞ւ մեր պատվիրակությունն ավելի ակտիվացավ դրանից հետո եւ փորձեց հնարավորինս դրանց դեմն առնել, պատգամավորը պատասխանեց․ «ԼՂՀ խնդրի քննարկման ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ոչ թե ԵԽԽՎ-ն, որեւէ այլ կառույց չի զբաղվում դրանով, դրա համար թերեւս չէին մտահոգվում, բայց քանի որ հիմա Ադրբեջանը փորձում է օգտագործել ամեն տեղ իր կեղտոտ մոտեցումները, հիմա ունենք այս իրավիճակը, եւ պետք է քայլեր ձեռրակենք։ Ուղղակի չպետք է մտածել, որ այդ զեկույցներից հետո ամեն ինչ կորած է։ Պետք է դասեր քաղել ու կարգավորման, համակարգման մեխանիզմներ ձեւավորել»։




























