Գյումրիում սպանված Ավետիսյանների մահվան 1-ին տարելիցին այսօր` հունվարի 12-ին, գյումրեցիները մոմավառություն անցկացրին քաղաքի «Յոթ վերք» եկեղեցու բակում:
Սպանված ընտանիքի լուսանկարների առջեւ մի քանի տասնյակ գյումրեցիներ մոմեր վառեցին նրանց հոգիների հանգստության համար:
Եկեղեցում նախքան այդ պատարագ մատուցվեց Ավետիսյանների հիշատակին: Պատարագին բացի նրանց հարազատներից ներկա էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը ու Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ ժամը 13:00-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ, որին բացի Ավետիսյանների հարազատներից մասնակցում էին մեծ թվով գյումրեցիներ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյան, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ժամը 17:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և մոմավառություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: Նիստերը, սակայն, տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում:



































