Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, հետաձգել է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանի՝ երկամսյա ժամկետում բնակարանը լքելու հարցի քննույթունը: NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանը նշեց, որ առաջին ատյանի որոշումը՝ իրեն իր սեփական բնակարանից վտարելու մասին, չի ընդունում եւ պայքարելու է այնքան ժամանակ՝ մինչեւ կայացվի արդարացի որոշում:
«Թքած ունեմ այն դատարանի որոշման վրա, որը պաշտպանում է Մայրպետյանի շահերը: Ես ինչ-որ սպասումներ չունեմ էլ, որ ինչ-որ նորություն կլինի մեր բնակարանների հարցով, բայց դե, եթե իրոք արդարացի որոշում լինի, ուրեմն դա կլինի հրաշք»,-ասաց Գերավետյանը:
Վարդան Գերավետյանի խոսքով, իր ներկայացուցիչն արդեն դատարանին տեղեկացրել է, որ նախագահականը զբաղվում է Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչների հարցով եւ հնարավոր է, որ այդ պատճառով են որոշել քննությունը հետաձգել մինչեւ հունվարի 23-ը:
Հիշեցնենք, որ 2 ամիս առաջէ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները դիմել էին Սերժ Սարգսյանին, վերջինը խոստացել էր լուծում տալ խնդրին:
Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի եւ Լալայանց 37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առջեւ է կանգնած 22 ընտանիք:




























