Երեւանի Սարյանի պուրակից այսօր՝ հունվարի 13-ին կայացավ տոնածառերի երթ դեպի Ազատության հրապարակ:
Երթի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանների գործողությունների դեմ, որոնք «Նոր Հայաստան» շարժման անդամներին թույլ չէին տվել տոնածառերով շրջել Ազատության հրապարակում: Երթի մասնակիցները նաեւ համերաշխություն են հայտնում այդ օրվա ընդհարման հետեւանքով ավելի ուշ ձերբակալված, ապա կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին:
«Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը մինչեւ երթի մեկնարկը հայտարարեց, որ իր տեղեկություններով, Ազատության հրապարակ մուտք գործելիս աղջիկ ակտիվիստներից մեկից ոստիկանները խլել են եղեւնու ճյուղերը եւ խորհուրդ տվեց բոլորին օնդ պահել իրենց տոնածառերը:
Երթի մասնակիցները «Տոնածառ ջան» երգելով հասան Ազատության հրապարակ, որտեղ նրանց դիմավորեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեւֆիլյանը, Գարեգին Չուքազսյանը, նաեւ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այլ անդամներ:
Ազատության հրապարակում սեղան է դրված, վրան՝ գինի, նշում են հին տոմարով Նոր տարին: Հրապարակում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ակտիվիստներին զգուշացրեց, որ հանրային վայրերում չի կարելի ոգելից խմիչք օգտագործել ու հորդորեց չխախտել հասարակական կարգը:
Միջոցառման կազմակերպիչները հավաքվածներին գաթա են հյուրասիրում, որի մեջ կոպեկ է դրված:




























