Քննչական կոմիտեն արձագանքել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե իրեն ՔԿ-ում սպառնացել են:

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժ.Սեֆիլյանը հունվարի 12-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրվել է որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության: Նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին փաստաբանի հետ և օգտվելով իր իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել քննիչի հարցերին։

Նրան պարզաբանվել են օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ իր նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պայմանների պահպանման պարտականությունը, կարգը։

Ինչ վերաբերում է Ժ.Սեֆիլյանի կողմից  ԶԼՄ-ներում հրապարակված այն հայտարարությանը, թե ՀՀ քննչական կոմիտեում իրեն սպառնացել են կալանքի վերցնել՝ քաղաքական գործունեությունը չդադարեցնելու դեպքում, ապա դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, նախաքննական մարմինը ապաքաղաքական պետական հիմնարկ է և քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չի մեկնաբանում։

Ավելի վաղ ճակատի մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հարցաքննության ժամանակ քննիչը սպառնացել է Սեֆիլյանին կալանավորել, եթե նրանք շարունակեն քաղաքական ընդվզումները: