Հունվարի 13-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Խաչատուր Խ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տաքսի ավտոմեքենայի էլեկտրական հաշվիչ-հայելի եւ ավտոմեքենայի 3 ձայնարկիչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ էլեկտրական հաշվիչ-հայելին Խաչատուր Խ.-ն գողացել է Նոր Արեշի 50-րդ փողոցում կայանված «BYD» մակնիշի ավտոմեքենայի սրահից:
Պարզվել է նաեւ, որ հունվարի 3-ին Խաչատուր Խ.-ն «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ կայանված, 29-ամյա Գեւորգ Հ.-ի «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը, իսկ հունվարի 9-ին Երեւանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի մոտ կայանված, 25-ամյա Մարտին Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ դարձյալ ձայնարկիչ:
Կատարվում է հետաքննություն:




























