Հայաստանի Կենտրոնական բանկն ուզում է փարատել հանրապետությունում բարձր ինֆլյացիայի ակնկալիքները: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Այն հարցին, թե ինչու են գնաճի ակնկալիքները այդքան կենսունակ՝ 2014 թ. նոյեմբեր- դեկտմեբր ամիսներին արժույթի հետ կատարված ցնցումներից մեկ տարի անց՝ Ջավադյանը նկատել է, որ հիմա այդ ակնկալիքները ԿԲ-ն այդքան էլ բացասական չի գնահատում:
Հիշեցնենք, որ ԿԲ ակնկալիքներով, որոնք հիշատակվել են 2015 թ. 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, նշված է, որ 2016 թ. առաջին ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, իսկ հետո կմոտենա նպատակային ցուցանիշին ( 4 տոկոս –խմբ.): Բայց ավելի վաղ, վերաֆինանսավորման դրույքի մասին հոկտեմբերի 2-ի հաղորդագրության մեջ նշված էր, որ համաշխարհային ֆինանսական ու արժութային շուկաներում տատանումների աճը Հայաստանի տնտեսությունում բավականին բարձր գնաճի ակնկալիքների պատճառ է դարձել, ինչը թույլ չի տվել ավելի ցածր գնաճային մթնոլորտ ապահովել:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 22-ին, վերաֆինանսավորման դրույքի մասին հաղորդագրության մեջ ԿԲ-ն նշել էր, որ ցածր գնաճն արդեն աջակցել է գնաճային ակնկալիքների նվազմանը:
«Իհարկե կան որոշակի միտումներ, բայց կան նաեւ վտանգներ, որոնք մենք արտացոլում ենք մեր փաստաթղթերում: Համաշխարհային ապրանքաշուկաներում ստեղծված իրավիճակի ու երկրի ներսում դեֆլյացիայի պատճառով, մենք թուլացրել ենք դրամավարկային պայմանները: Բայց մենք արձանագրել ենք նաեւ անկանխատեսելի զարգացմումների դեպքում հնարավոր ռիսկերը: Իհարկե հասարակության մեջ կան նաեւ բացասական ակնկալիքներ, բայց դրանք բացի ամենանից պայմանավորված են նաեւ սեզոնով, քանի որ սեպտեմբերին ու տարեվերջին գնաճն ավանդաբար ավելանում է: Բայց մենք կցանկանայինք, որ այդ ակնկալիքները փոխվեին՝ ցածր գնաճային մթնոլորտից»,- նկատել է Ջավադյանը:
Արժույթի տատանումների ժամանակաշրջանում՝ 2014 թ. վերջին - 2015թ սկզբին, կարճ ժամանակահատվածում շուկայում կողմնորոշող դրույք դարձավ ոչ թե վերաֆինանսավորման, այլ լոմբարդային ռեպոյի դրույքը: «Բայց շատ շուտով մենք սկսեցինք ռիսկերի նվազմանը համաչափ իջեցնել նաեւ այդ դրույքը»,- նկատեց Ջավադյանը:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 22-ի նիստի ժամանակ ՀՀ ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը միանգամից 1 տոկոսային կետով, հասցնելով 8.75 տոկոսի: Իսկ նոյեմբերի 10-ին ԿԲ-ն իջեցրել էր միջազգային ֆոնդային բորսաներից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից երկարաժամկետ ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման դրույքը:
Եթե էմիսիան տեղի է ունենում միջազգային բորսաներում, կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավվում են երկարաժամկետ փողեր, դրույքը 20 տոկոսից նվազում է մինչեւ զրո: Իսկ եթե էմիսիան կատարվում է հայկական բորսայում կամ էլ նույնիսկ լիսթինգ չունեցող ընկերությունների կողմից, բայց երկար ժամկետներով, ապա կիրառվում է 5 տոկոսի դրույքը:




























