ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում 2015թ.-ի տարեվերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն եւ վերանորոգվել մեկ տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքիների բնակարանամուտի արարողությանը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին Արմավիրի մարզի եւս 9 ընտանիք աջակցություն են ստացել բնակարանաշինության ծրագրի շնորհիվ: 2014-2015թթ.-ին Արմավիրի մարզում աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր թիվը 11 է:

Կարապետյանների ընտանիքը տան շինարարությունը սկսել էր 25 տարի առաջ, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Ամբողջ այդ ժամանակահատվածում նրանք ապրել են վագոն-տնակում, որտեղ ծնվել ու մեծացել են ընտանիքի երկու որդիները:

«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է: Իմ ընտանիքի համար սա, թերեւս, ամենանշանակալի եւ ուրախալի Ամանորն էր: Տարիների սպասումից հետո նոր ու լուսավոր տանը դիմավորեցինք Նոր տարին: Անչափ շնորհակալ եմ մեր կյանքում այս բեկումնային փոփոխության համար»,-ասել է Կարապետյանների  ընտանիքի մայրը՝ Անուշը:

«Հաճելի է 2016թ.-ի միջոցառումների մեկնարկն սկսել բնակարանամուտով: Մենք այսօր տեսնում ենք նախորդ տարի սկսած ծրագրի արդյունքը: Շինարարության ամբողջ ընթացքը պատասխանատու եւ տեւական ժամանակ էր համագործակցող կողմերի համար: Իսկ տանիք ձեռք բերած ընտանիքների համար, թերեւս, ամենաարագ անցնող տարին` երկարամյա սպասումներից հետո: Ծրագրի հաջողության ամենաբարձր գնահատականը մեծ հոգսից ազատված մարդկանց  ժպիտն է: Իրականացվող աշխատանքները կարեւոր են ոչ միայն բարեկեցություն ձեռք բերելու իմաստով: Դրանք բարոյական աջակցության դրսեւորում են` խնդրի առջեւ կանգնած ընտանիքին միայնակ չթողնելու հրաշալի օրինակ: Նկատի ունենալով ծրագրի կարեւորությունը՝ ազդարարում ենք, որ այն շարունակվելու է նաեւ այս տարի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի ուրախությունը նաեւ մեր ուրախությունն է, մեր հաջողության գրավականը: Հուսով եմ՝ այս տարին եւս արգասաբեր կլինի: Միացյալ ուժերով շատ բան կարելի է փոխել: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով կացարան  կունենա»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության  ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչեւ օրս ծրագրի շահառու է դարձել 93 ընտանիք: