Թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին այսօր՝ հունվարի 14-ին, մեղադրանք է առաջադրվել տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։
Ահազանգի հիման վրա՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանը, Հ.Դեմիրճյանը եւ Թ.Բարսեղյանը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։
Դեպքի առթիվ դեկտեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընտրողների փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։
Նախնական քննության տվյալներով՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ն. Հովհաննիսյանը նույն տեղամասի ընտրողներ, նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանի, Հ. Դեմիրճյանի եւ Թ. Բարսեղյանի անունների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։




























